Թատրոնն այսօր
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարիների ընթացքում տվել է և շարունակում է տալ արժեքներ, որոնք անմար են ողջ պատմության համար:
Օպերայի և բալետի թատրոնը իր ուրույն տեղն ունի հայ հասարակության կյանքում և ձգտելու է պահպանել այն դարեր շարունակ: Ունենալով այն ժառանգությունը, որ թողել են մեր ազգի փառապանծ մեծերը, թատրոնն այսօր շարունակում է իր գաղափարախոսությունը` հայ գիտակ արվեստասերին հանձնել բարձր մշակույթ և կրթել արվեստասերի մի նոր սերունդ, որի համար այս թատրոնը կդառնա կենսական նշանակության մի վայր:
Վերջին 5-ամյակը կարելի է համարել թատրոնի նոր իրականությանը հարմարվելու ժամանակաշրջան: Փոխվել է ֆինանսա-վարչական գործունեությունը, փոխվում է նաև խաղացանկը և թատերախումբը… Անփոփոխ են մնում արվեստի հանդեպ վերաբերմունքը և այն համարձակությունը, որի շնորհիվ կարելի է իրագործել անհնարինը: Լավագույն ձևով 2004թ.-ին վերաբեմադրվեց Ա.Խաչատրյանի <<Գայանե>> բալետը, Մինաս Ավետիսյանի էսքիզներով, որոնք վերականգնեց թատրոնի գլխավոր նկարիչ` Ավետիս Բարսեղյանը, մեծանուն նկարչի որդու` Նարեկ Ավետիսյանի խորհրդատվությամբ /բեմադրությունը` Վիլեն Գալստյանի, դիրիժոր` Կարեն Դուրգարյան/: Այն մեծ հաջողությամբ ներկայացվեց Եգիպտոսում, Հունաստանում, Թուրքիայում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Բալետային ներկայացումներում փայլում են բալետի դերասաններ` Զավեն Հարությունյանը, Մարիա Դիվանյանը, Ժակելինա Սարխոշյանը, Սոնա Առուստամյանը, Արմեն Գևորգյանը, Մովսես Խաչիկյանը, Կարեն Մաճկալյանը, Լևոն Համբարձումյանը:
Թատրոնի ղեկավարության նախաձեռնությամբ համերգային կատարումներով բեմ բարձրացան հայ ժամանակակից կոմպոզիտորներ Էդվարդ Սադոյանի <<Գրիգոր Լուսավորիչ>> օպերան և Աշոտ Բաբայանի <<Սպիտակ>> թատերականացված սիմֆոնիան, ինչպես նաև պետական պատվերով բեմադրվեց Ավետ Տերտերյանի <<Երկրաշարժ>> օպերան /ռեժիսոր` Լևոն Իվանյան, դիրիժոր` Ռուբեն Ասատրյան/, Է.Հովհաննիսյանի և Ա.Պիացցոլլայի երաժշտության հիման վրա բեմականացված <<Վարդանանք>> և <<Տանգո>> բալետները, իսկ 2010թ.-ին բեմադրվեցին <<Ստաբատ Մատեր>> և <<Բախի կրքերը>> Պերգոլեզիի և Յո.Ս.Բախի երաժշտության հիման վրա Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ:
Սխրագործություն էր <<Սպարտակ>> բալետը, որի բեմադրության համար հրավիրված էր Յուրի Գրիգորովիչը /դիրիժոր` Կարեն Դուրգարյան/ և Մեծ թատրոնի մենապարողներ Պավել Դմիտրիչենկոն, Աննա Նիկուլինան, Եկատերինա Շիպուլինան, Վլադիմիր Նեպորոժնին: Իրենց կատարումներով փայլեցին բալետի երիտասարդ մենապարողներ` Ռուբեն Մուրադյանը, Սևակ Ավետիսյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Արմեն Գևորգյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը:
Նմանատիպ բեմադրությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ թատրոնը հաջողությամբ կարողանում է իրականացնել մեծամասշտաբ նախագծեր: Ի դեպ, դա հաստատվում է տարեցտարի: Հանրապետության մշակութային կյանքում տեղի ունեցող բոլոր խոշոր միջոցառումներին, տոնախմբություններին ու տոնակատարություններին, իրենց պարտադիր մասնակցությունն են բերում թատրոնի ստեղծագործական խմբերը` սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը, բալետի դերասանները:
Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարմամբ Հայաստանում, Հունաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Կատարում, Թուրքիայում:
Հայաստանի Կոմպոզիտորների միության և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համագործակցության շնորհիվ` թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը պարբերաբար կատարում է հայ կոմպոզիտորների, ինչպես նաև կոնսերվատորիայի շրջանավարտների ստեղծագործությունները: